Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ։ Մրցույթը հայտարարվել էր «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում։
Ներկայացված լուսանկարները պատմում են Արցախի՝ վտանգի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության մասին։
Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ցուցադրության կազմակերպման գաղափարն առաջացավ՝ ելնելով այն իրավիճակից, որ, ունենք այսօր, քանի որ ինչ-որ առումով պատմական նմանություններ առաջացան այն իրավիճակի հետ, երբ Վրույրներն էին աշխատում»։
Հանձնաժողովի կողմից երեք անվանակարգով ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները՝ Ավետիս Ավետիսյան (Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցի), Լիլիան Գալստյան («Մենք ենք մեր սարերը» հուշարձան), Էլինա Աղաջանյան (Շուշի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի), Ներսես Մատինյան (Երից Մանկանց վանք), Զոհրաբ Ըռքոյան (Կամուրջ՝ Հակարիի արևելյան վտակ), Սարգիս Գասապեան (Երկրագիտական թանգարանի մուտքի դուռը, Ստեփանակերտ), Մարիա Մինասյան (Ստեփան Շահումյանի արձան), պարգևատրվեցին խորհրդանշական մրցանակներով։