Հունիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով միջազգային ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությունում ներկայացված են 15 բնօրինակ ցուցանմուշներ Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում անդրադարձավ երկու թանգարանների միջև տևական համագործակցությանը՝ ընդգծելով 2022 թ․-ին Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» խորագիրը կրող ցուցադրության հաջողությունը։ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերի խոսքով` ցուցադրությունն ընդգծում է Հայաստան-Նիդերլանդներ ջերմ հարաբերությունները և փաստում, որ մարդկային փոխհարաբերությունները կարող են նպաստել մշակութային հարաբերությունների զարգացմանը։