Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։
Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։
Այս ցուցադրությունը երկխոսություն է ժամանակների, տարածությունների ու երկու թանգարանների միջև, որը տեղի է ունենում Մայր աստվածության գաղափարի շուրջ՝ որպես կենսատու սկզբի և կյանքի շարունակականության խորհրդանիշ։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։
Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։