Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը, որում տեղ են գտել Չեխիայի պատմական երկու շրջաններից՝ Բոհեմիայից և Մորավիայից ընտրված ամրոցների ու դղյակների պատկերներ, եռաչափ վերակազմություններ։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով նշեց, որ այս իրադարձությամբ ազդարարվեց Հայաստանի պատմության թանգարանի և Չեխիայի ազգային թանգարանի միջև կարևոր համագործակցության սկիզբը՝ կարևորելով մեկնարկի համար երկու երկրների ազգային ժողովների նախագահների ներկայությունը։
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը շնորհակալություն հայտնեց երկու թանգարաններին ցուցադրությունն իրականացնելու համար։
Չեխիայի ազգային թանգարանի փոխտնօրեն Պետր Բրուհան ասաց, որ ցուցադրությունում տեղ են գտել 25 ամրոցներ ու դղյակներ։ Նա նաև հույս հայտնեց, որ Պրահայում ևս կկազմակերպվի հայկական ցուցահանդես։
Ցուցադրության բացմանը հաջորդեց երկու թանգարանների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով ամրապնդվում է կառույցների միջև համագործակցությունը և նախատեսվում է իրականացնել մի շարք համատեղ նախագծեր։
Այնուհետև հյուրերը թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանի մշտական ցուցադրությունում, որից հետո Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում կատարեց թանգարանի հյուրերի և այցելուների գրքում։
Նշենք նաև, որ ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 31-ը։