Մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության՝ «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագիրը կրող հատվածի վերաբացման արարողությունը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը հնարավորություն կտա նորովի ընկալելու երեք դարերի բուռն քաղաքական, հոգևոր, մշակութային իրողությունները և հատկապես անկախ պետականության վերականգնման, ինքնության պահպանման ջանքերն ու երկարատև գործընթացները Հայաստանում և գաղթօջախներում: Ցուցադրության մեջ ներառված են եկեղեցական արձանագիր նվիրաբերություններ և փաստաթղթեր, սփյուռքահայ համայնքներից մեզ հասած տպագիր գրքեր, հարյուրավոր դրամներ, և այլ ուշագրավ մասունքային նշանակության թանգարանային ցուցանմուշներ։ Ներկայացված նմուշներն ընդգրկում են 15-18-րդ դարերն ընկած ժամանակահատվածը և համալրված են նոր լուծումներով ու տեղեկատվական նյութերով։