Սեպտեմբերի 25-ին, Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին նաև ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլք։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնեց Անդրանիկի կնոջ ժառանգներ Գրիգոր և Սեդա Տիգրանյաններին՝ Զորավարի անձնական իրերը թանգարանին նվիրաբերելու համար։
Ցուցադրության բացումն ազդարարվեց Զորավարի կնոջ ժառանգների կողմից նրա մազափնջի նվիրաբերման արարողությամբ։
Ցուցադրության շրջանակում ներկայացված են Զորավարի մարտական թուրը, ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, անձնական իրեր։
Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները։
Լուսանկարները՝ Անդրանիկ Ղազարյանի։