Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպության Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ներկայացված են ասեղնագործ ինքնատիպ նմուշներ, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։

Ցուցադրության բացումից հետո երկու կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ստեղծագործական-կրթական նախագծերի, կրթամշակութային միջոցառումների, ցուցադրությունների համատեղ իրականացում։

Նշենք նաև, որ ՀՕՄ Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի նվիրած մի շարք ինքնատիպ նմուշներ համալրեցին Հայաստանի պատմության թանգարանի ազգագրական հավաքածուն։