Ապրիլի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար անձինք և այլ պատվավոր հյուրեր: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց նմանատիպ ցուցադրությունների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել մեր մշակութային ժառանգության տարբեր կողմերը։ Առաջին անգամ Մարսելից դուրս ներկայացվում են 50-ից ավելի արժեքավոր փաստավավերագրական նյութեր՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների հետ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ով կարևորեց Սփյուռքում գործող կառույցների հետ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող համագործակցությունների իրականացումը։ «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության ներկայացուցիչ Թամար Սարգսյանն իր խոսքում ասաց, որ տեղափոխված նմուշները արտացոլում են 1920-ական թթ․ ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում ապաստանած հայ գաղթականների կյանքը։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։
Հիշեցնենք, որ ցուցադրությունը գործելու է մինչև մայիսի 25-ը։