Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացնում է 2025թ. Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված բացառիկ քառանիստ կոթողը` թվագրվող 5-7-րդ դարերով։
Քառանիստ կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են` սուրբ զինվորը, Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ և Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։
Ցուցադրության բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Լեռնահովիտ համայնքի բնակիչներին` արագ արձագանքելու և մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու համար։ Նա նշեց, որ կոթողը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը։
Կոթողի ինքնատիպ քրիստոնեական պատկերագրությունը ներկայացրեց պեղումների ղեկավար, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեռնահովիտ համայնքի բնակչուհի Նվարդ Գալստյանը, ով մինչ թանգարան տեղափոխելը պահպանել էր կոթողը։
Միջոցառմանը ներկա էին նաև Լեռնահովիտի համայնքապետարանի ներկայացուցիչները։
Կոթողի հետախուզական պեղումներն իրականացվել են 2025թ. նոյեմբերին` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից` պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։