Երկարատև նախապատրաստական աշխատանքներից և հետաձգումներից հետո Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում, մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվեց «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» թանգարանային ցուցադրությունը։ Վերջինիս պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության գիտության, մշակույթի և սպորտի, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Ասսենի քաղաքապետը, ՀՀ դեսպանը Նիդերլանդների Թագավորությունում և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Ժամանակավոր ցուցադրության են դրվել Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից մի հետաքրքիր ընտրանի, ինչպես նաև Նոյան Տապանի մասունքը՝ բերված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Ներկայացված են քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր արժեքավոր ցուցանմուշներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքներ, զարդեր, ծիսական առարկաներ, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցադրությունը թանգարանի այցելուներին հնարավորություն կտա մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը բացահայտել Հայաստանի մեծարժեք մշակութային ժառանգությունը։
• Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանի հրավերով ցուցադրման բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, իսկ մայիսի 2-ից թանգարանի աշխատանքային խումբը (զարգացման գծով փոխտնօրեն Ա. Ղազարյան, գլխավոր ֆոնդապահ Ս. Հովսեփյան, ցուցադրության կառուցանող Ա. Սիմոնյան) Դրենց թանգարանում անմիջականորեն ընդգրկված է եղել ցուցադրության կազմակերպման աշխատանքներում։                                         • Ցուցադրության բացմանն ընդառաջ Դրենց թանգարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ է ունեցել նաև Դ. Պողոսյանը՝ կարևորելով այս ցուցադրությունը մշակութային երկխոսության և հայ-հոլանդական դարավոր բարեկամության համատեքստում և շնորհակալություն հայտնելով բոլոր ներգրավված գործընկերներին և կազմակերպություններին։
• Ցուցահանդեսի շրջանակներում տպագրվել է նաև պատկերազարդ գիտական կատալոգ, որի մեջ ծավալուն հոդվածներ են զետեղված Հայաստանի պատմամշակութային ժառանգության և հայ-հոլանդական մշակութային առնչությունների վերաբերյալ։