Ք. ա. 331թ. Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակով փլուզվեց Աքեմենյանների կայսրությունը: Հայաստանն անկախացավ` տրոհվելով երկու թագավորությունների՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի: Ք. ա. 201 թ. Արտաշես Ա-ը հռչակեց Մեծ Հայքի անկախությունը և Ք. ա. 189 թ. հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյան դինաստիայի ամենաերևելի թագավորը Տիգրան Բ Մեծն էր: Շարունակելով Արտաշես Ա-ի քաղաքականությունը՝ նա Մեծ Հայքի թագավորությանը միացրեց Ծոփքը և Կապադովկիան, մեկ պետության մեջ միավորեց հայկական բոլոր հողերը: Ք. ա. 80-70-ական թթ. Տիգրան Մեծի գերիշխանությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրականի ափերը և Մեծ Կովկասից մինչև Կարմիր ծով: Նա կրում էր «Արքայից Արքա» տիտղոսը:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Արտաշես Ա-ին թագավորի արամեերեն գրություններով սահմանաքարերը, տապանաքարեր և կոթողներ` հունարեն և լատիներեն արձանագրություններով։
  • Տիգրան Մեծի արծաթե և պղնձե դրամները, որ հատվում էին նրա լայնածավալ թագավորության քաղաքներում՝ Դամասկոսում, Տիգրանակերտում, Արտաշատում և կրում էին` «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՅԻ ՏԻԳՐԱՆԻ» հունարեն գրությունը:
  • Արտաշատից, Գառնիից, Արմավիրից, Սիսիանից, Վաղարշապատից և այլ հնավայրերից հայտնաբերված գտածոներ՝ ճարտարապետական մանրամասներ, քանդակներ, ոսկերչական արվեստի նմուշներ, թրծակավե արձանիկներ, մարմարե արձաններ, խեցեղեն անոթներ ու ապակյա սրվակներ։