Անին առաջին անգամ հիշատակում են V դարի պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին: 885 թ. Հայաստանում վերականգնվեց անկախ պետականությունը և Աշոտ Ա Բագրատունին հռչակվեց Հայոց թագավոր: 961 թ. Անին հռչակվեց մայրաքաղաք: Քաղաքին փառք և ճանաչում բերեցին պաշտամունքային կառույցները: Գրավոր աղբյուրներում Անին հիշատակվում էր` «մեծ», «քաղաքամայր», «տիեզերական» անվանումներով: Ժողովրդական ավանդության մեջ Անին պահպանվել է որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք:

Բագրատունիների թագավորության անկումից հետո` 1045 – 1199 թթ. Անին ընդմիջումներով հայտնվեց մերթ բյուզանդացիների, մերթ սելջուկների, մերթ շադդադյանների գերիշխանության տակ:

1236 թ. մոնղոլները գրավեցին և ավերեցին Անին: Քաղաքի բնակիչների մեծ մասը հոծ խմբերով գաղթեց օտար երկրներ` Ղրիմ, Գալիցիա, Լեհաստան, Հարավային Ռուսաստան և այլուր:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • 1892 – 1917 թթ. պեղումների շնորհիվ հայտնաբերված` VII – XIV դարերի հայ ճարտարապետության գլուխգործոցները՝ 90 – 120 տարի առաջ Անիի պեղումների

ընթացքում արված եզակի լուսապատկերներով. պարիսպներ, բուրգեր, կամուրջներ, պալատներ, տաճարներ, եկեղեցիներ, ամրոցներ, քանդակագործության նմուշներ

  • Անիի նյութական մշակույթի անգնահատելի արժեքները՝ բուրվառներ, խաչեր, աշտանակներ, գրակալներ, հախճապակյա, ապակյա, մետաղե, կավե, ոսկրե` դեկորատիվ – կիրառական արվեստի բարձրարժեք նմուշներ: