Դվինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից էր դեռևս Ք.ա. III հազարամյակից: V դ. Հայոց Արշակունի թագավորների արքունական ոստանն էր և հայ եկեղեցու աթոռանիստը: VIII դարի սկզբից` Արաբական տիրապետության շրջանում, «Արմինիա» վարչական միավորի կենտրոնն էր` ծաղկուն արհեստների,

բարիքներով լի վաճառաշահ քաղաք: Հայ և օտար գրավոր աղբյուրները Դվինն անվանում են «Մեծ մայրաքաղաք», «Շահաստան»` շուրջ 100.000 բազմազգ բնակչությամբ:

Դվինից սկիզբ էին առնում առևտրական վեց մայրուղիներ, որոնք կապում էին քաղաքն Իրանի, Իրաքի, Ասորիքի, Բյուզանդիայի և Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ: Ներկրվում էր այս երկրների հռչակված արհեստանոցների արտադրանքը: Հայկական ապրանքները՝ թանկագին քարեր, բուսական ներկեր և բնական մյուս հարստություններ, դվինցի արհեստագործների արտադրանքը` խեցեղեն, գործվածք, արտահանվում էին երկրի սահմաններից շատ հեռու:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • IX – XIII դդ. հայկական խեցեգործության նմուշներ, հախճապակե, ջնարակած անոթներ, գոտեզարդ կարասներ, պնակներ, սկուտեղներ ՝ կենդանիների, թռչունների, կենաց ծառերի պատկերներով, երկրաչափական զարդաձևերով, վարդյակներով, աստեղային և զինանշանային հորինվածքներով
  • VIII – XIII դարերի ապակեգործության բացառիկ նմուշներ, որոնց թվում՝ իր տեսակի մեջ եզակի սրվակը` ջութակահարի պատկերով
  • IX – XIII դդ. ներմուծված խեցեղենի ընտիր նմուշներ և Դվինում շրջանառության մեջ եղած դրամներ։