Ք.ա. VI դարի I քառորդին կործանված Վանի թագավորության տարածքները միավորվեցին Երվանդունիների համահայկական պետության մեջ: Ք.ա. 550 թ. Հայաստանը հայտնվեց Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության տակ:

Ք.ա. 331թ. Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակով փլուզվեց Աքեմենյանների կայսրությունը: Հայաստանն անկախացավ` տրոհվելով երկու թագավորությունների՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի: Ք.ա. 201 թ. Արտաշես Ա հռչակեց Մեծ Հայքի անկախությունը և Ք.ա. 189 թ. հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյան դինաստիայի ամենաերևելի թագավորը Տիգրան Մեծն էր: Շարունակելով Արտաշես Ա-ի քաղաքականությունը, նա Մեծ Հայքի թագավորությանը միացրեց Ծոփքը և Կապադովկիան, մեկ պետության մեջ միավորեց հայկական բոլոր հողերը: Ք.ա. 80 – 70 – ական թթ. Տիգրան Մեծի գերիշխանությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրականի ափերը և Մեծ Կովկասից մինչև Կարմիր ծով: Նա կրում էր «Արքայից Արքա» տիտղոսը:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Արտաշատից, Գառնիից, Արմավիրից, Սիսիանից, Վաղարշապատից և այլ հնավայրերից հայտնաբերված գտածոներ՝ ճարտարապետական մանրամասներ, քանդակներ, ոսկերչական արվեստի նմուշներ, թրծակավե արձանիկներ, մարմարե արձաններ, խեցեղեն անոթներ ու ապակյա սրվակներ
  • Արտաշես Ա. թագավորի (Ք.ա. 189 – 160) արամեերեն գրություններով սահմանաքարերը, տապանաքարեր ու կոթողներ` հունարեն և լատիներեն արձանագրություններով
  • Տիգրան Մեծի արծաթե և պղնձե դրամներ, որ հատվում էին նրա լայնածավալ թագավորության քաղաքներում՝ Դամասկոսում, Տիգրանակերտում, Արտաշատում և կրում էին` «ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՅԻ ՏԻԳՐԱՆԻ» հունարեն գրությունը: