Օսմանյան գերիշխանության տակ ազգային, կրոնական, սոցիալական հալածանքների դեմ արևմտահայերի պայքարի խոշոր կենտրոնը 1862 թ. դարձավ Զեյթունը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում պատմական Հայաստանի մի շարք շրջաններ միացվեցին Ռուսաստանին, որոնցից կազմվեց Կարսի մարզը: Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնաց Թուրքիայի տիրապետության տակ:

Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի (հոդվ.16)` թուրքական կողմը ստանձնել էր Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի անձի, գույքի անվտանգությունը ապահովելու պարտավորությունները: Սակայն Բեռլինի կոնգրեսում (հոդվ. 61) հայերին վերաբերող խնդիրները անտեսվեցին: Դրանով սկիզբ առավ «Հայկական հարցի» միջազգային դիվանագիտական պատմությունը: Նոր թափ առավ ազգային- ազատագրական շարժումը, ծավալվեց հայդուկային պայքարը: Ստեղծվեցին ազատագրական խմբակներ և ազգային կուսակցություններ:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • պատմական անցքերը, հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը ներկայացնող նյութեր. այդ թվում` 1860 թ. թուրքական կառավարության կողմից ընդունված արևմտահայերի ազգային-հասարակական և կրոնական գործերին վերաբերող կանոնադրությունը, այսպես կոչված «Ազգային սահմանադրությունը»
  • ազգային կուսակցությունների՝ Արմենական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան, Հայ Յեղափոխական դաշնակցություն, ձևավորման պատմության վավերագրեր
  • հասարակական, մշակութային, քաղաքական գործիչների անձնական իրեր, լուսանկարներ, փաստաթղթեր։