Հայկական ավանդական տարազը՝ խոր հնությունից եկող իր կայուն հատկանիշներով, յուրահատուկ վկայություն է հայ ժողովրդի ծագման, զարգացման, պատմական ճակատագրի մասին: Նրա մեջ արտացոլված են մեր մշակույթի ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները:
Չնայած հազարամյակներ ի վեր տեղի ունեցած պատերազմներին, արտագաղթերին, օտար տիրապետություններին՝ հայ ժողովուրդն ավանդական տարազի մեջ կարողացավ պահպանել խոր հնությունից եկող տարազաձևերի, զարդանախշերի և գույների խորհրդանշական պատկերացումներն ու իմաստները: Այդ են վկայում միջնադարյան պատկերաքանդակների, մանրանկարների, խեցեղեն նմուշների հետ նրանց ունեցած ընդհանրությունները:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- XVIII – XIX դդ. տարազի համալիրներ՝ պատմական Հայաստանի շրջաններից, ուր պահպանվում էին հայկական նյութական մշակույթի և կենցաղի բազմադարյան ավանդույթները` Բարձր Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Տուրուբերան, Սյունիք, Արցախ և այլն
- տարազի առանձին մասեր` գոգնոցներ, գոտիներ, գուլպաներ, բաճկոններ, ժանեկազարդ կրծկալներ, գլխազարդեր
- զարդարանքի առարկաներ, ասեղնագործության նմուշներ: