Հայկական ասեղնագործության նմուշները կապվում են ավանդական կենցաղի և տարազի հետ: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները՝ կառուցվածքային ու գունային բազմազան լուծումներով և տարբերակումներով, սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության,

ոսկերչության հետ:

Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան – Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք – Արցախը, Կիլիկիան՝ մեծ և փոքր դպրոցներով, առանձնանում են նախընտրած զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • ավանդական զարդաձևերի մշակումներով հարդարված Վանի «լաբիրինթ» կոչված սփռոցներ, Այնթափի ճերմակաթել ծածկոցներ, նրբահյուս ժանյակներ, Սյունիքի պատի զարդեր, սրբիչներ, անձեռոցիկներ
  • ասեղնակարի տեխնիկայի բազմապիսի տարբերակներ՝ «Մարաշի կար», «Այնթապի կար», «Վանի կար», «Սվազի կար», «Ուրֆայի կար» և այլն, որոնք ի ցույց են դնում կատարյալ ձևեր ու սքանչելի տարատեսակներ
  • Վանի ոսկերչության բացառիկ նմուշներ՝ արծաթյա ճարմանդակապ գոտիներ, գլխազարդեր, քունքակախիկներ, ճակատի զարդեր՝ թագանման, բոժոժավոր կամ լուսնաձև կախիկներով, արծաթե և ոսկե վզնոցներ։