Հայկական մշակույթի թերևս ամենանշանակալի ճյուղը քանդակագործությունն էր, որի ակունքներում ընկած են Հայկական լեռնաշխարհի, հին արևելյան ու հելլենիստական մշակութային ավանդույթները: Հայկական միջնադարյան քանդակարվեստի հիմնական թեման դարձավ նոր հավատի գլխավոր խորհրդանշանը՝ Խաչը, Աստվածաշնչի, Ավետարանի պատմությունները և հայկական ավանդապատում- ները Հայաստանի քրիստոնեացման մասին: X դարից սկսած պաշտամունքային բնույթի պատկերաքանդակների հետ ավելի հաճախ հանդես եկան աշխարհիկ կյանքին առնչվող կերպարներ:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- որմնաքանդակներ, հուշակոթողներ, վիմագիր արձանագրություններ, խաչքարեր՝ X – XVI դարերի հայկական քրիստոնեական արվեստի եզակի նմուշներ
- աշխարհիկ պատկերաքանդակներ Վայոց ձորից, Հաղարծնից, Գեղարքունիքից և Ջուղայից փրկված 1599 թ. եզակի խաչքարը
- պատմական ու հոգևոր մասունք հանդիսացող Մշո Առաքելոց վանքի փորագրազարդ դուռը՝ 1134 թ.
- հայկական տպագրության բացառիկ նմուշներ` հրատարակված Վենետիկում, Ամստերդամում և Էջմիածնում
- պատարագի ծիսական արարողակարգին ծառայող պարագաներ: