1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:
Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:
Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:
–
1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:
1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, որոնց թվում ճակատամարտի մասնակից Հովհաննես Բաղրամյանի ձեռքով գծված քարտեզի բնօրինակը
- Սարդարապատի հերոսամարտի հայկական զորամասերի և նրանց հրամանատարների ցուցակը՝ կազմված պոդպորուչիկ Մ. Մանասերյանի ձեռքով
- հայկական զորամիավորումների հրամանատարների՝ գեներալներ Թ. Նազարբեկյանի, Մ. Սիլիկյանի, գնդապետներ Դ. Բեկ- Փիրումյանի, Պ. Բեկ – Փիրումյանի, ինչպես նաև թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավար Արամ Մանուկյանի, լուսանկարներ և անձնական իրեր
- ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ
–
- Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները
- ՀՀ առաջին եռագույն դրոշը, ինչպես նաև Ալ. Թամանյանի և Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանի լուսանկարը
- ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով
- ՀՀ թղթադրամներ, նամականիշներ, որոնք թողարկվել էին Լոնդոնում
- Սևրի հաշտության պայմանագրի տեքստը (Հայաստանի քարտեզով), ըստ որի ստեղծվելու էր Միացյալ և Անկախ Հայաստան` 160 000 կմ2, ելքով Սև ծով: