Ք.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին ձևավորվում է Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթը, որը հայտնի է Շենգավիթյան, Կուր-արաքսյան մշակույթ անվանումներով: Այն գրավում է հսկայածավալ մի տարածք` իր մեջ ներառելով Հայկական լեռնաշխարհը և նրա հարակից շրջանները: Այդ մշակույթի կարևորագույն օջախը Արարատյան դաշտավայրն էր:

Պեղումներն ի հայտ են բերել վաղ բրոնզի դարին պատկանող ավելի քան 600 ամրոց – բնակատեղիներ, դամբարանադաշտեր:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Շենգավիթ, Մոխրաբլուր, Կառնուտ, Հառիճ, Ագարակ, Էլար հնավայրերից պեղված ծիսական օջախներ, հենակ-պատվանդաններ, կավանոթներ, մարդակերպ, կենդանակերպ և ֆալլուսակերպ կավե արձանիկներ
  • նշված հնավայրերից և այլ հուշարձաններից պեղված նմուշների հարուստ ու բազմազան տեսականի, որը հաստատում է Հայաստանի տեղաբնիկների ստեղծած նյութական և հոգևոր ինքնատիպ մշակույթի ուրույն տեղը Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթության մեջ: Այս համատեքստում բացառիկ արժեք ունի Հայաստանի վաղ բրոնզեդարյան խեցեղենը՝ պատկերագրության ծիսահմայական բնույթով
  • Եվգ. Բայբուրդյանի ղեկավարությամբ իրականացված՝ 1936 -1938 թթ. Շենգավթի առաջին պեղումների ժամանակ արված լուսանկարներ: