1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին:

1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

1991 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային տարածքում դադարեց ԽՍՀՄ-ի գոյությունը: 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունվեց երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, հաստատվեց բազմակուսակցական համակարգ: Օրենքներ ընդունվեցին պետական խորհրդանիշների և օրհներգի մասին: 1992 թ. Մարտի 3-ից Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարից՝ Եվրախորհրդի անդամ:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Հայաստանի անկախության և ինքնիշխան պետության կայացման ճանապարհը` 1988-ից սկսած: Ժամանակագրական տախտակները և վավերագրական լուսանկարները ներկայացնում են այդ դժվարին ճանապարհի կարևորագույն հանգրվանները. ի պաշտպանություն Արցախի հարցի արդարացի լուծման Հայաստանում ծավալված համաժողովրդական շարժումը, Հայաստանի անկախության հռչակումը, ինչպես նաև նորանկախ պետականության կայացման 25-ամյա պատմությունը` կառավարման մարմիններով, պետականության խորհրդանիշներով
  • Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից թողարկված հուշադրամներ և նամականիշներ: