Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ««Որոգայթ Փառաց»-ը որպես առաջին Սահմանադրության նախագիծ» հանդիպում-զրույցը, որը նվիրված էր Հնդկաստանի Մադրաս քաղաքի հայկական տպարանում առաջին անգամ տպագրված «Որոգայթ փառաց» գրքի 250-ամյակին։
Թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը պատմական ակնարկի շրջանակում ծանոթացրեց Հնդկահայ գաղութի գործունեությանը՝ հանձինս Շահամիր Շահամիրյանի և նրա որդիների, ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի և այլոց ծրագրերին՝ կապված Հայաստանն օտար տիրապետությունից ազատագրման ուղիների հետ։ Տեսասահիկի միջոցով ներկայացվեցին Շահամիր Շահամիրյանի ջանքերով հիմնված առաջին հայկական տպարանը, Մադրասի հայկական եկեղեցին, Որոգայթ փառացի առաջին տարբերակը։
ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը ներկայացրեց Սահմանադրության կարևոր դերը մեր երկրում և համեմատություններ անցկացրեց նրան հաջորդող սահմանադրությունների հետ՝ բերելով օրինակներ նաև այլ երկրների սահմանադրություններից։ Հանդիպման ավարտին սահմանադրագետը պատասխանեց մասնակիցների հարցերին։