Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք  է իրականացնում:

Հնագետ, արվեստագետ, պ․գ․թ․ Հակոբ Սիմոնյանի գլխավորած արշավախմբի կողմից Վերին Նավերի պեղումներից հայտնաբերվել են հոգևոր և աշխարհիկ իշխանության բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից և քարերից պերճանքի առարկաներ, իշխանության խորհրդանիշներ՝ զենքեր, կնիք, ձիասանձեր, դիմաքանդակներով մեդալիոններ և այլն: Շուրջ մեկ և կես հազարամյակ (Ք.ա. 23-7 դդ.) գործած Վերին Նավերի դամբարանադաշտում այսօր պահպանվել է շուրջ 500 դամբարան, որոնք ձևավորում են Հին Արևելքի ամենաընդարձակ դամբարանադաշտերից մեկը: