Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը։
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը և այլ հյուրեր։
Ցուցահանդեսը հիմնված է Դիլդիլյան ընտանիքի հարուստ լուսանկարչական արխիվի վրա, որը ներառում է լուսանկարներ, նեգատիվներ, փաստաթղթեր և այլ նյութեր։ Այն պատմում է Օսմանյան Թուրքիայում ապրած և որպես լուսանկարիչներ աշխատած Դիլդիլյանների ընտանիքի պատմությունը՝ սկսած 1880-ականներից մինչև նրանց բռնագաղթը 1922-ին։ Ցեղասպանության հետևանքով ընտանիքը ստիպված վերակառուցեց կյանքը Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, սակայն պահպանեց իր հիշողությունն ու ժառանգությունը։ Այս եզակի արխիվը վկայում է ինչպես հայ ժողովրդի ողբերգության, այնպես էլ նրա մշակութային ու մասնագիտական նվաճումների մասին։
Դիլդիլյան ընտանիքի արխիվից որոշ լուսանկարներ հետագայում կհամալրեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․ հունիսի 20-ը։















