Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Ճապոնիա հիմնադրամի «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ։
 Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։ Նրանք ընդգծեցին մշակութային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման նախաձեռնությունների դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և երկխոսության ամրապնդման գործում։
 Նորաբաց այս ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ կերամիկական նմուշներ՝ թեյի արարողության պարագաներ, սեղանի սպասք և ժամանակակից տարատեսակ կերամիկական ստեղծագործություններ, որոնք արտացոլում են այս ավանդույթի շարունակական զարգացումն ու դարերի պատմությունը։
 Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական կատարումով․ ներկաները ունկնդրեցին ճապոնական «Ծովափի երգ» ստեղծագործությունը՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս, դաշնակահար Աննա Ալեքսանյանի և վոկալիստ Կարինա Գևորգյանի կատարմամբ։
 Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ և կգործի մինչև հուլիսի 10-ը։