Ք. ա. 6-րդ դարի 1-ին քառորդին կործանված Վանի թագավորության տարածքները միավորվեցին Երվանդունիների համահայկական պետության մեջ: Ք. ա. 550 թ. Հայաստանը հայտնվեց Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության տակ:

Հայաստանի Ք. ա. 6-4-րդ դդ․ մշակույթը ներկայացնում է հարուստ շերտեր, որոնք ներառում են ինչպես տեղական շարունակական ավանդույթները, այնպես էլ Աքեմենյան մշակույթի ազդեցությունները: Դա մշակութային նվաճումների, կրոնական վերափոխումների և հայկական ինքնության ձևավորման շրջան էր, որը հայ ժողովրդի գոյատևման հիմքն է առ այսօր:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Ք․ ա․ 6-4-րդ դարերի խեցեղենի հարուստ տեսականին։ Իր գեղեցկությամբ և նրբությամբ աչքի ընկնող կավե ցլակերպ ռիտոնը՝ գտնված Արմավիրից։ Լոռի բերդ, Օշական և այլ կենտրոններից գտնված տարատեսակ թասեր, սափորներ և գավաթներ։
  • Ոսկերչության, գեղարվեստական մետաղագործության յուրօրինակ նմուշներ, որոնք արտացոլում են ժամանակի պաշտամունքային և գեղագիտական առանձնահատկությունները։
  • Ապակեգործության բացառիկ նմուշներ՝ ներկայացված սրվակների, զարդերի և հարդարանքի պարագաների ձևերով։