Գորգերը հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի լավագույն դրսևորումներից են՝ համարժեք քանդակագործությանը և մանրանկարչությանը: Հայկական գորգերը զարդագիր «տեքստեր» են, որոնց մեջ ի պահ են տրված մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքների, պաշտամունքի, կրոնական պատկերացումների սրբազնացած խորհրդանիշները:
Հայկական գորգն ավանդապահ է: Յուրաքանչյուր նոր գորգի արարման հիմքում եղել է ընդօրինակումը, նույն զարդանախշ-գաղափարագրի պատկերումը` ոճի և գույնի անթիվ տարբերակումներով: Այս առումով հայկական գորգին հատուկ հատկանիշը վարիացիայի հրճվանքն է հատկապես գույնի մեջ:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- XIV – XX դդ. հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից` Վասպուրական, Սեբաստիա, Շիրակ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Ջավախք, Գեղարքունիք, Խարբերդ, Կիլիկիա, Նախիջևան և այլն
- Ք.ա. III – I հազ. խեցեղեն, բրոնզե, փայտյա նմուշներ, ինչպես նաև հայկական միջնադարյան քանդակագործության գլուխգործոցներ, որոնց զարդանախշ-գաղափարագրերն առկա են գորգարվեստում և հաստատում են հայկական գորգի` ակունքի հետ ունեցած անընդհատելի կապը: