4-րդ դարը հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց պատմական երկու կարևոր իրադարձությամբ․ 301 թվականին Տրդատ Գ արքայի օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն՝ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը, 303 թ. մայրաքաղաք Վաղարշապատում հիմնադրվեց հայոց հոգևոր կենտրոնը` Սբ․ Էջմիածնի Մայր տաճարը:

Պետականության կորստի և օտար նվաճումների մշտական սպառնալիքների պայմաններում հոգևոր ու մշակութային անկախության պահպանման միակ միջոցը հայերեն գրի ու գրականության ստեղծումն էր: 405 թ. Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերեն Այբուբենը:

8-րդ դարի սկզբից Դվինը, Արաբական տիրապետության շրջանում, դառնում է «Արմինիա» վարչական միավորի կենտրոն` ծաղկուն արհեստների, բարիքներով լի վաճառաշահ քաղաք: Հայ և օտար գրավոր աղբյուրները Դվինն անվանում են «Մեծ մայրաքաղաք», «Շահաստան»` շուրջ 100.000 բազմազգ բնակչությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • 4-9-րդ դդ. հայկական քրիստոնեական արվեստի եզակի նմուշներ` որմնաքանդակներ, հուշակոթողներ, խաչեր։
  • 4-9-րդ դդ․ աստվածաշնչային սյուժեներով պատկերաքանդակված քառակող կոթողներ՝ Խաչելության և Աստվածամոր պատկերագրության բազմազան տարբերակներով, որոնցից հնագույնները թվագրվում են 4-րդ դ. վերջերով։
  • Վաղմիջնադարյան խեցեգործության բազմազան տեսականին՝ ներկայացված ինչպես հասարակ, նրբագեղ, այնպես էլ ջանարակած խեցեղենի օրինակներով։
  • Լուսանկարներ՝ 4-7-րդ դդ. ձևավորված հայկական ճարտարապետության դասական նմուշների:
  • Վաղմիջնադարյան ապակեգործության հարուստ ավանդույթները ներկայացնող կենցաղային և բարձրաշխարհիկ նմուշների, ալքիմիայի խորհրդավոր նյութերը պատրաստելու համար նախատեսված սրվակների, այնպես էլ ապակին պատրաստելու պրոցեսը ներկայացնող անիմացիոն ֆիլմի միջոցով։
  • Շինարարությունը որպես արվեստ ներկայացնող կղմինդրների չկրկնվող նմուշներով։