885 թ. Բագարան քաղաքում Աշոտ Ա Բագրատունին օծվում է Հայոց թագավոր և վերականգնում Հայոց անկախ թագավորությունը։ 961թ. Անին հռչակվում է մայրաքաղաք, որից հետո ծայր է առնում քաղաքաշինության գործընթացը․ կառուցվում են աշխարհիկ ու պաշտամունքային բազում կառույցներ:

10-րդ դարի վերջին Անին ձևավորված, տիպիկ միջնադարյան քաղաք էր` միջնաբերդով, արվարձաններով: Քաղաքի ելումուտը կարգավորելու համար կային քառասուն դուռ-դարպաս, որոնցից յուրաքանչյուրը կրում էր իր անվանումը։

Դվինը 5-րդ դ. Հայոց Արշակունի թագավորների արքունական ոստանն էր և հայ եկեղեցու աթոռանիստը: Դվինից սկիզբ էին առնում առևտրական վեց մայրուղիներ, որոնք կապում էին քաղաքն Իրանի, Իրաքի, Ասորիքի, Բյուզանդիայի և Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ: Ներկրվում էր այս երկրների հռչակված արհեստանոցների արտադրանքը, իսկ հայկական ապրանքներից՝ թանկագին քարերը, բուսական ներկերը և բնական մյուս հարստությունները, ինչպես նաև դվինցի արհեստագործների արտադրանքը (խեցեղեն, գործվածք) արտահանվում էր երկրի սահմաններից շատ հեռու:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Անիի հնադարանի վերակազմությունը ներկայացնող հատված։
  • Անիի հնագիտական արշավախմբի գործունեությանը նվիրված հատված։
  • Անի մայրաքաղաքն իր շքեղությամբ և բազմազանությամբ՝  ներկայացված առանձին սրահով, որտեղ ներառված են նաև առանձին առարկաների մասին պատմող անիմացիոն ֆիլմեր և Անիի ճարտարապետական դպրոցին նվիրված տեսաֆիլմեր։
  • 10-13-րդ դդ. հայկական խեցեգործության նմուշներ` հախճապակե անոթներ, գոտեզարդ կարասներ, պնակներ, սկուտեղներ ՝ կենդանիների, թռչունների, կենաց ծառերի պատկերներով։
  • 11-13-րդ դարերի ապակեգործության բացառիկ նմուշներ, որոնց թվում իր տեսակի մեջ եզակի սրվակը` ջութակահարի պատկերով։