Ք. ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսին ձևավորվում է Հայաստանի վաղ բրոնզեդարյան մշակույթը, որը հայտնի է Շենգավիթյան, Կուր-արաքսյան մշակույթ անվանումներով: Այն գրավում է հսկայածավալ մի տարածք` իր մեջ ներառելով Հայկական լեռնաշխարհը և նրա հարակից շրջանները: Այդ մշակույթի կարևորագույն օջախը Արարատյան դաշտավայրն էր:
Պեղումներն ի հայտ են բերել վաղ բրոնզի դարին պատկանող ավելի քան 600 ամրոց- բնակատեղիներ, դամբարանադաշտեր:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Շենգավիթ, Մոխրաբլուր, Կառնուտ, Հառիճ, Ագարակ, Էլար հնավայրերից պեղված ծիսական օջախներ, հենակ-պատվանդաններ, կավանոթներ, մարդակերպ, կենդանակերպ և ֆալլուսակերպ կավե արձանիկներ։
- Նշված հնավայրերից և այլ հուշարձաններից պեղված նմուշների հարուստ ու բազմազան տեսականի, որը հաստատում է Հայաստանի տեղաբնիկների ստեղծած նյութական և հոգևոր ինքնատիպ մշակույթի ուրույն տեղը Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթության մեջ: Այս համատեքստում բացառիկ արժեք ունի Հայաստանի վաղ բրոնզեդարյան խեցեղենը՝ պատկերագրության ծիսահմայական բնույթով։
- Վաղբրոնզեդարյան տան վերակազմությամբ՝ Կառնուտի օրինակով։
- Շենգավիթի պեղումներից լուսանկարներ, բնակատեղիի վերակազմությունը՝ նկարի և անիմացիայի տեսքով, ինչպես նաև այլ ինտերակտիվ պաստառներ, որոնք ներկայացնում են վաղբրոնզեդարյան հասարակության կյանքը։
- Մետաղագործությանը նվիրված անիմացիոն ֆիլմ։