Դվինի բլուրը և նրա մերձակայքը բնակեցված է եղել Ք.ա. III հազարամյակից ի վեր: 1958 -ին ընթացող պեղումներով Դվինի միջնադարյան` X – XIII դարերի մշակութային շերտի տակ հայտնաբերվեց ուշ բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանի բնակավայր:
Պեղումներով ի հայտ եկան Ք.ա. I հազարամյակի սկզբին պատկանող արհեստագործական և պաշտամունքային շինություններ` մետաղագործական արհեստանոցով և 4 սրբարաններով: Վերջիններս եղել են ընդարձակ կառույցներ` քարե հիմքով, կավե պատերով: Հարթ տանիքները հենվել են փայտե սյուների վրա:
Ք.ա. VIII դ. առաջին կեսին Արգիշտի I արքայի Ք.ա. 786 – 764 թթ. այս տարածաշրջան կատարած արշավանքների հետևանքով կործանվեցին Դվինը և Արարատյան հովտի բազմաթիվ բնակավայրեր:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- գտածոների բացառիկ մի ընտրանի՝ Դվինի հնագիտական պեղումներից
- նախաուրարտական շրջանի բնակարանային ճարտարապետական ավանդույթներով կառուցված սրբարանների ներսում տեղադրված բարդ հորինվածքներով կավե զարմանահրաշ զոհատախտակներ՝ «մշտենջենական» կրակի հետքերով
- արարողությունների իրականացմանը ծառայող սևափայլ սպասք, մեծադիր կարասներ, կավանոթներ
- պտղաբերությունը խորհրդանշող ֆալլուսներ և քարե դիմաքանդակներ: