Երկաթի դարը տարածաշրջանում սկսվում է երկաթագործության զարգացմամբ և երկաթե իրերի համատարած կիրառմամբ։ Ք. ա. 13-րդ դարից, մի շարք բնակավայրերում, դամբանադաշտերում, նկատվում է բնակչության թվականի աստիճանական նվազում․ լքվում են ամրոցներ, բնակավայրեր, սակայն, Արարատյան դաշտի մի շարք քաղաքներում (Մեծամոր, Դվին, Կարմիր բլուր, Շամիրամ, Աղթամիր) նկատվում է բնակչության թվաքանակի խիստ մեծացում, իսկ Դվինում, Մեծամորում տաճար-սրբարանների առկայությունը վկայում է ուրբանիստական գործընթացների զարգացման մասին։ Մեծ դամբանաբլուրները փոխարինվում են փոքր հողաթմբերով՝ հիմնահողային, սալարկղային, քարարկղային խցերով։
Վաղերկաթեդարյան քաղաքների մեջ հատկապես հարուստ է Դվինը, որի բլուրը և մերձակայքը բնակեցված է եղել Ք. ա. 3-րդ հազարամյակից ի վեր:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Գտածոների բացառիկ մի ընտրանի՝ Դվինի հնագիտական պեղումներից։
- Նախաուրարտական շրջանի բնակարանային ճարտարապետական ավանդույթներով կառուցված և սրբարանների ներսում տեղադրված բարդ հորինվածքներով կավե զարմանահրաշ զոհատախտակներ՝ «մշտենջենական» կրակի հետքերով։
- Արարողությունների իրականացմանը ծառայող սևափայլ սպասք, մեծադիր կարասներ, կավանոթներ։
- Պտղաբերությունը խորհրդանշող ֆալլոս և քարե դիմաքանդակներ: