Հայաստանով մեկ սփռված հնավայրերից պեղված գտածոներն ի ցույց են դնում այն ժամանակաշրջանի պատկերը, երբ նախադրյալներ էին ստեղծվում առաջին պետական կազմավորումների առաջացման համար (Հայասա-Ազի, Նաիրյան երկրների միություն, Էթիունի և այլն), երբ պատմական Հայաստանի տարածքում սկիզբ էր առնում մարդաբանական, էթնիկական, մշակութային և լեզվական համախմբումը, որի արդյունքը և կրողը դարձավ հայ ժողովուրդը: Համախմբում, որն իր ավարտին հասավ Ք.ա. IX դարի առաջին կեսին, երբ ամբողջ լեռնաշխարհը միավորվեց Հին Արևելքի հզոր պետություններից մեկի` Վանի կամ Արարատյան թագավորության կազմի մեջ:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնա- բերված շուրջ 1000 գտածոների բացառիկ ընտրանի
- բրոնզեդարի միջին` Ք.ա. XXIII – XV դդ. և ուշ` Ք.ա. XV – XI դդ. Շրջափուլերի երկրագործական մշակույթի, մետաղամշակության, խեցեգործության, արհեստագործության նմուշներ` բարձրարվեստ բրոնզե արձանիկներ ու արձանախմբեր, զենքերի և սպառազինության բազմապիսի տեսակներ, փոխադրամիջոցների պատմության հնագույն ապացույցներ` փայտյա կառքեր
- կավանոթներ, թրծակավե և բրոնզե քանդակներ, զարդեր, սպասք, բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված գավաթներ ու գոտիներ, որոնք խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, տիեզերական պատկերացումների, արևի, ջրի և պտղաբերության գաղափարը խորհրդանշող հավատալիքների մասին: