Հայկական լեռնաշխարհի Ք. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսի պատմության, մշակույթի, սոցիալ-տնտեսական և հոգևոր կյանքի, արհեստների, արվեստի, կենցաղի, միջերկրային կապերի և փոխազդեցությունների ուսումնասիրության համար առաջնակարգ նշանակություն ունեցան Թռեղք-վանաձորյան, Կարմիրբերդյան, Սևան-արցախյան հզոր և բազմաբնույթ հնագիտական մշակութային կենտրոնները` հարուստ ու ճոխ իշխանական դամբարանային համալիրներով և դրանցում հայտնաբերված եզակի և բարձրարվեստ գտածոներով:
Բուռն զարգացում են ապրում տնտեսության հիմնական ձևերը՝ երկրագործությունն ու անասնապահությունը, հատկապես նախալեռնային և լեռնային գոտիներում։ Զարգանում են տարատեսակ արհեստները՝ հատկապես խեցեգործությունը և մետաղամշակությունը։
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոների բացառիկ ընտրանի։
- Թռեղք-վանաձորյան մշակույթի շքեղությամբ ու հարստությամբ առանձնացող «արքայական թաղումները»՝ Քարաշամբ, Լոռի բերդ, Ներքին նավեր, Արուճ, որոնք վկայում են հասարակության նյութական, սոցիալական և հոգևոր կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունների մասին։
- Ջրի, հողի, օդի, կրակի և դրանցից ածանցվող՝ վերածննդի, արգասաբերության ու նախնիների պաշտամունքին առնչվող վիշապ կոթողների մասին։
- Բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված կավանոթներ, որոնք խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, տիեզերական պատկերացումների, արևի, ջրի և պտղաբերության գաղափարը խորհրդանշող հավատալիքների մասին: