Ք. ա. 9-րդ դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է Արարատյան թագավորություն: Ներկայացված նմուշները վկայում են հին արևելյան տիպի բարձր մի քաղաքակրթության մասին` պետական կուռ կառուցվածքով, գրչությամբ, ուրույն ծիսակրոնական համակարգով, ծաղկուն քաղաքներով, արհեստներով ու արվեստով:
Ուրարտուն կործանվեց Ք. ա. 585 թ.` մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում: Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվեց Հայոց Երվանդունիների թագավորությունը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- 1939-ից սկիզբ առած և մինչև օրս Հայաստանի տարածքում գրեթե չընդատված հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոների ընտրանի Թեյշեբաինի ամրոցից (Կարմիր բլուր), ինչպես նաև Հայաստանի տարածքում պեղված այլ հնավայրերից` Էրեբունի, Արգիշտիխինիլի-Արմավիր, Լոռի բերդ, Բջնի, Գեղհովիտ և այլն։
- Մետաղամշակության, ոսկերչության, խեցեգործության, որմնանկարչության նմուշներ, բրոնզե, կավե, փայտյա բարձրարվեստ արձանիկներ, զենքերի ու սպառազինության բազմապիսի տեսակներ` ուրարտական արքաներ Մենուայի, Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և այլոց սեպագիր արձանագրություններ, ի թիվս որոնց Ք. ա. 782 թ. Երևան քաղաքի հիմնադրման վկայագիրը: