… Սուրբ Աստվածածին
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե,
Երկնավոր արքայուհի
Անխառն, ինչպես օդ, մաքուր ինչպես լույս…
Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ
Խոստովանած մայրդ ողջերի
– Գրիգոր Նարեկացի
Ցուցահանդեսը ներկայացնում է Աստվածամոր պաշտամունքի պատմականորեն ձևավորված արտացոլումները վաղ քրիստոնեական շրջանից մինչև XVIII դար:
Մարիամ Աստվածածինը / Աստվածամայր, Տիրամայր / Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր: Աստվածամոր պաշտամունքը հատկապես ուժեղացավ Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից հետո, քանզի նա դիտվում էր որպես միջնորդ Աստծո որդու և մարդկանց միջև, և «Աստվածածին (թեոտոկոս) արտահայտությունը հաստատվեցավ պաշտոնապես, իբրև մաս Վարդապետության» (Գարեգին արք. Հովսեփյան):
Ցուցահանդեսում ներկայացված են՝
- «Աստվածամայրը մանկան հետ» պատկերաքանդակների դրվագներ վաղ միջնադարյան քառանիստ կոթողներից, խաչքարերից, եկեղեցիներից
- «Օդիգիտրիայի» պատկերագրության դրվագներ (Դվին V- VI դարեր, Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի VI – VII դարեր)
- «Դեիսուսի» /«Բարեխոսության»/ դասական պատկերաքանդակի դրվագներ (Կեչառիսի վանք 1280-ական թթ., Վայոց ձորի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցու եռաքանդակ XIII դար)
- Քառանիստ կոթողի սյուն, IV – V դարեր, Կարմրաքար, Շիրակ
Լուսանկարները ՝ Հրայր Բազե Խաչերյանի, Վռամ Հակոբյանի
Ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 7-ին: