Հայաստանի հեղափոխական կոմիտեն` 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ, 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակեց խորհրդային: Դեկտեմբերի 2-ի ռուս-հայկական համաձայնագրով ՀՀ կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ծանր պայմաններով հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից:
Ստեղծվեց պետական կառավարման կուռ համակարգ` երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման պլանային ծրագրով: 1922 թ. Փետրվարի 3-ին ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը: Այն մշակվել էր ՌՍՖՍՀ-ի սահմանադրության սկզբունքներով: Սահմանադրության առանձին հոդվածներում
ամրագրված էին պետական խորհրդանիշները` զինանշանը, դրոշը: Զինանշանի հեղինակն էր Մարտիրոս Սարյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա տարիների պատմության հետ առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր, ժամանակագրական աղյուսակներ, որոնք ի ցույց են դնում երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքն ու պատկերը
- երկրի պատմության անբաժանելի մաս կազմող քաղաքական բռնությունները, աքսորը, հետապնդումները վկայող եզակի փաստաթղթեր
- Հայրենական Մեծ պատերազմին մասնակից հայազգի մարշալների, գեներալների, սպաների և զինվորների անձնական իրեր ու փաստաթղթեր, լուսանկարներ
- հետպատերազմյան Հայաստանի տնտեսական, մշակութային կարևոր իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր և ցուցանմուշներ: