Ցուցահանդեսը նվիրվում է հայ մշակույթի մեծ երախտավոր
Թորոս Թորամանյանի հիշատակին
Ցուցահանդեսում ներկայացված են հայկական մշակույթի մասունքներ՝ վաղ միջնադարից մինչև XVII դար:
1920 ականներին Թորոս Թորամանյանն առաջինը Հայաստանի տարբեր վայրերից հավաքեց և Հայաստանի պատմության թանգարան բերեց վաղ միջնադարյան կոթողներ: Դրանք դարձան հայկական ճարտարապետության և քանդակագործության՝ աշխարհով մեկ ճանաչում ստացած ինքնության անփոխարինելի վկայություններ, գիտական փաստարկումների անձեռնմխելի զինանոց:
Ցուցահանդեսում ներկայացված հուշարձանները հիմնականում պատկանում են չափազանց խորհրդավոր և բազում անհայտներ պարունակող մի ժամանակաշրջանի, երբ առկա էր հեթանոսական և քրիստոնեական մշակույթների համաժամանակյա գոյակցությունը: Ի ցույց է դրված այդ փոխներթափանցումների և փոխակերպումների խոսուն պատկերը՝ վաղեմությամբ նախադեպը չունեցող հորինվածքներ, գաղափարագրերի և խորհրդանշանային մոտիվների համադրությամբ ստեղծված եզակի տարբերակներ:
Ցուցահանդեսը յուրատեսակ հրավեր է գիտնականներին՝ մտորելու և վեր հանելու հայկական մշակույթի այս հնավանդ նմուշների ինքնության խնդրահարույց շերտերը, նաև հրավեր է այցելուներին՝ վայելելու մեր նախնիներին ավանդած գեղեցկությունն ու խորհուրդը: