Ք. ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսը ժամանակագրորեն համապատասխանում է զարգացած բրոնզի դարին: Դարաշրջանին բնորոշ է հսկայածավալ (կիկլոպյան) ամրոցների կառուցման լայն թափը: Նկատելի է բնակչության կենտրոնացումը բնակավայրերում, ինչը մատնանշում է համեմատաբար խոշոր քաղաքների առաջացումը (Լճաշեն, Մեծամոր, Շամիրամ, Հոռոմ և այլն)` հզոր միջնաբերդերով, փողոցներով, առանձին թաղամասերով, ընդարձակ դամբարանադաշտերով: Այս շրջանում ձևավորվում են նաև հսկայական դամբարանաբլուրներ, որտեղ թաղվում էին ավագանու ներկայացուցիչները` հաճախ ծիսական սայլերի ուղեկցությամբ:

Զարգացած բրոնզի դարաշրջանում ստեղծվում է նյութական և հոգևոր բարձրարվեստ մշակույթ:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • Ուշբրոնզեդարյան  առանձին կամ խոշոր առարկաների մաս կազմող բարձրարվեստ բրոնզե արձանիկներ և արձանիկների խմբեր, զենքերի և սպառազինության բազմապիսի տեսակներ։
  • Լճաշենի ցեղային առաջնորդների՝ սայլով թաղման վերակազմությունը դամբարանից գտնված սայլով և այլ նյութերով ու հուղարկավորության ընթացքը ներկայացնող անիմացիոն ֆիլմ։
  • Հայաստանի ուշբրոնզեդարյան ոսկերչության և արծաթեգործության բացառիկ նմուշներ։
  • Ծիսական շքեղ կավանոթների բազմապիսի ընտրանի՝ գտնված Հայաստանի ուշբրոնզեդարյան տարբեր հուշարձաններից։