Ցուցադրվում է ավելի քան 100 տարի առաջ սկիզբ առած և մինչև օրս Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից (Սատանի դար, Ջրաբեր, Կուրթան, Մեծավան, Առատաշեն, Մասիս, Դաշտադեմ, Լուսակերտ և այլն) հայտնաբերված շուրջ 1000 գտածոների բացառիկ մի ընտրանի:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- պալեոլիթի աշելյան՝ 500 000 – 200 000 տարի առաջ, մուստիերյան և մեզոլիթյան՝ Ք.ա.10 000 – 9/8000թթ., շրջաններին վերաբերող ձեռքի հատիչներ, կացիններ, միջուկներ, քերիչներ, սրածայրեր, միկրոլիթներ, նիզակի և տեգի ծայրեր, որոնք մարդկության հնագույն պատմության մեջ տեղի ունեցած կարևորագույն իրադարձության` երկրագնդի վրա մերօրյա մարդու` Homo sapiens sapiensis-ի առաջացման ու ձևավորման փաստացի ժամանակակիցներն են
- նեոլիթ – էնեոլիթյան շրջանում (Ք.ա. IX / VIII – IV հազ. կեսեր) սկիզբ առած խեցեգործության, մետաղի մշակման վաղնջական օրինակներ, ժայռապատկերներ` վկայություններ առ այն, որ Հայկական լեռնաշխարհը և բուն Հայաստանը մարդկային քաղաքակրթության և մշակույթի ձևավորման բնօրրաններից է: