ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ III

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ III

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ III

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի 44- օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո սկսվեց և լայն տարածում ստացավ զոհված զինծառայողների նկարները տարբեր նշանակության շինությունների պատերին նկարելու գործընթացը։ Այս նկարները հայտնի են հայրենասիրական գրաֆիտիներ անվամբ։ Չնայած նախադեպերին, պատերազմի ավարտից հետո զոհված զինծառայողների նկարները նկարելու երևույթը պատերազմի ավարտից հետո ձեռք բերեց մի շարք առանձնահատկություններ, որոնք բնորոշ չէին նախորդ դեպքերին։ Եթե մինչ պատերազմը հերոսներին նկարում էին տարբեր անհատներ՝ անձնական նախաձեռնությամբ, ապա պատերազմից հետո զոհված զինծառայողների պատկերումը դարձավ պատվերով։ Պատվիրատուները զոհված զինծառայողի հարազատներն են, ծնողները կամ ուղղակի համայնքի անդամները։ Այս երևույթը ցավի արտահայտման, սփոփանքի, հերոսի հիշատակը վառ պահելու, նրան ճանաչելի դարձնելու և կրտսեր սերնդին նրա հերոսության օրինակով դաստիարակելու նշանակություն ունի։

Կյանքի շարունակականություն

Պատերազմից հետո հասարակության մեջ՝ հատկապես որդեկուրույս ընտանիքներում նկատելի դարձավ մի շատ կարևոր դրական միտում՝ նոր երեխայի ծնունդը։ Շատ ծնողներ անկախ տարիքից որոշում կայացրեցին երեխա ունենալ՝ որպես նոր վերածնունդ, որպես կյանքի շարունակության գրավական, որպես ապրելու նոր իմաստ։ Երեխայի ծնունդը շատ ծնողների հնարավորություն տվեց սփոփանքի նշույլ գտնել կյանքը շարունակելու համար։ Նոր սերունդը եկավ լրացնելու ավագ սերնդի բացը՝ հանուն նոր, լուսավոր ապագայի։ Այդ ընտանիքներում նորից վառվեց մարած ճրագը, իրագործելու իրենց ավագ եղբայրների անկատար երազանքները, շենացնելու իրենց տունն ու հայրենիքը։

Մարիամ  Պետրոսյան

ՀՊԹ գիտաշխատող, ֆոնդապահ, mariam.petrosyan@ymail.com

Աբստրակտ- Սույն հոդվածում քննարկվում է 2020 թվականի 44- օրյա պատերազմի առաջացրած հոգեբանական իրավիճակը հայաստանյան հասարակության մեջ։ Պատերազմի արդյունքները՝ հայրենիքի կորուստը, ահռելի մարդկային կորուստները մարդկանց մոտ առաջացրեցին խորը տրավմա, որը մասնագիտական աղբյուրներում անվանվում է պատերազմական։ Պատերազմական տրավման վերաբերում է ոչ միայն ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների այլ նաև քաղաքացիական հասարակությանը։ Հասարակությունը ինքնաբուխ կերպով մշակեց մեխանիզմներ տրավմայի հաղթահարման համար։ Այս հոդվածում քննարկվում են այդ մեխանիզմներից երկուսը՝ զոհված զինծառայողների նկարները տարբեր շինությունների պատերին նկարելու երևույթը և որդեծնությունը՝ հատկապես որդեկորույս ընտանիքներում։

Մարիամ  Պետրոսյան

ՀՊԹ գիտաշխատող, ֆոնդապահ, mariam.petrosyan@ymail.com

Աբստրակտ- Սույն հոդվածում քննարկվում է 2020 թվականի 44- օրյա պատերազմի առաջացրած հոգեբանական իրավիճակը հայաստանյան հասարակության մեջ։ Պատերազմի արդյունքները՝ հայրենիքի կորուստը, ահռելի մարդկային կորուստները մարդկանց մոտ առաջացրեցին խորը տրավմա, որը մասնագիտական աղբյուրներում անվանվում է պատերազմական։ Պատերազմական տրավման վերաբերում է ոչ միայն ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների այլ նաև քաղաքացիական հասարակությանը։ Հասարակությունը ինքնաբուխ կերպով մշակեց մեխանիզմներ տրավմայի հաղթահարման համար։ Այս հոդվածում քննարկվում են այդ մեխանիզմներից երկուսը՝ զոհված զինծառայողների նկարները տարբեր շինությունների պատերին նկարելու երևույթը և որդեծնությունը՝ հատկապես որդեկորույս ընտանիքներում։

Բանալի բառեր- պատերազմական տրավմա, հիշատակում, սթրես, հաղթահարում, որդեծնություն

44-օրյա պատերազմը և պատերազմական տրավման հասարակության մեջ

2020 թվականի սեպտեմբերի 2-ին սկսվեց արցախադրբեջանական պատերազմը, որն ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան)։ Պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո հասարակության մեջ ի հայտ եկան մի շարք երևույթներ, որոնք ի ցույց էին դնում հետպատերազմյան սթրեսի և տրավմայի մի շարք երևույթներ։ Դրանք իրենց արտահայտումն էին գտնում մարդկանց վարքում, մտածելակերպի և գործողությունների արտահայտման մեջ։ Պատերազմի մասնակիցների և հասարակության մեջ այն մտայնությունն էր տեղ գտել, որ այս պատերազմը նման չէր մյուս պատերազմներին, որ այս մեկը գերբնական պատերազմ էր և այլն։

Մարդ- մարդ հակամարտությանը նոր սերնդի պատերազմում փոխարինելու եկավ մարդ- տեխնիկա հակամարտությունը, ուստի այս նոր պայքարում հանդիպելով նոր երևույթների և պատերազմի ընթացքի նոր դրսևորումների մարդիկ այս պատերազմը կոչեցին տեխնիկայի պատերազմ։ Մարդ- տեխնիկա առճակատումը այս պատերազմում առանձնահատուկ էր, քանի որ մարդը բացարձակապես կարող էր կորցնել սեփական կարևորության ու հակառակորդի հետ առճակատման մեջ իրադարձությունների վրա ազդեցության հնարավորություն ունեցող սուբյեկտության զգացողությունը[1]։

Կամա թե ակամա պատերազմական իրավիճակում հասարակության մեջ առաջանում են մի շարք հոգեբանական տրավմաներ։ Սակայն 2020 թվականին հայաստանյան հասարակությունը ցնցվեց ոչ միայն պատերազմի, այլ Covid 19-իհամաճարակի և վերջինիս հետևանքների պատճառով։ Համաճարակը ևս պատճառ հանդիսացավ բազմաթիվ մարդկային կորուստների և սահմանափակումների, ինչը ևս մեծ սթրես էր մարդկանց համար։ Ստեղծված իրավիճակում   հայաստանյան հասարակությունը բախվեց  ապահովության ու անվտանգության զգացողության կորստի հետ, ընդ որում՝ թե՛տեսանելի, թե՛ անտեսանելի հակառակորդի առաջ[2]։

Կոմունալատիվ այս էֆֆեկտը խորացնում էր տրավման: Հոգեբանական տրավման մարդու հոգեբանական վիճակ է, որի ժամանակ նա ենթարկվել է ուժեղ շոկային ազդեցության, երբ իր կամ իր հարազատների կյանքին իրական վտանգ է սպառնում[3] ։ Հետպատերազմական տրավման խորացնում էր նաև օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլումը։ Հայաստանյան հասարակությունը, որը պատերազմի օրերին թիկունքում ինքնակազմակերպվել էր պատերազմի կարիքների ապահովման համար, երբ վստահ էր, որ հաղթում է, մի օրում հայտնվեց զուգահեռ իրականության մեջ, որտեղ պարտությունն էր, մեծ թվով մարդկային զոհեր և հայրենիքի կորուստ[4]։ Հետպատերազմյա ժամանակաշրջանում հասարակության մեջ տիրապետող դարձավ այն մտայնությունը, որ իրենք ապրել, աշխատել, կռվել և զոհվել են հանուն «ոչնչի», ինչը հետպատերազմյա դեպրեսիայի առաջին վառ արտահայտումն էր և փոխակերպվում է չհուսահատվելու, առաջ շարժվելու գաղափարներին՝ դեպրեսիայի հաղթահարման պարագայում։

Պատերազմը տրավմայի առաջացման ամենասարսափելի աղբյուրն է։ Պատերազմից վերադարձած զինվորները հաճախ ունենում են տարբեր վիրավորումներ, սակայն այն ինչը իսկապես դժվար է բուժվում դա հոգեբանական ապրումներն են, որոնք նրանք ստանում են պատերազմի ժամանակ[5]։ Նույնը վերաբերում է նաև քաղաքացիական հասարակությանը։ Գրականության մեջ շատ են տվյալներն այն մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միայն ամերիկյան զորքերը մարտական ​​հոգեկան խանգարումների պատճառով կորցրել են ավելի քան 500 հազար մարդ[6]։

Պատերազմական և հետպատերազմական տրավման ինչպես պատերազմի մասնակիցների այնպես էլ քաղաքացիական հասարակության համար ունի բարդ և դժվար հաղթահարելի հետևանքներ։ Այս առումով ռազմական տրավմատիզմը բարդ և բազմաշերտ երևույթ է։ Այն մեկ երևույթի ազդեցություն և դրսևորում չէ, այլ յուրաքանչյուր ինդիվիդի համար յուրահատուկ կերպով միավորված գործոնների կոմբինացիա է[7]։

Այսպիսով տրավման դա կենսափորձ է, որը կարող է ներթափանցել անձի և հասարակության  կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ բացասաբար ազդելով նրա ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա։ Քանի որ յուրաքանչյուրը ունի միայն իրեն բնորոշ տրավմայի «աղբյուրը» ուստի բուժումը ևս շատ սուբյեկտիվ է հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այն ինչ մեկի համար տրավմատիկ է, մյուսի համար կարող է այդպիսին չհանդիսանալ։

Զոհված զինվորների հիշատակումը, որպես ցավի արտահայտման և տրավմայի հաղթահարման ձև

Յուրաքանչյուր սթրեսային իրավիճակում հասարակությունը ինքնաբուխ մշակում է մեխանիզմներ ցավի արտահայտման, սթրեսի հաղթահարման համար։ Այդպիսի միջոց պատերազմական տրավմայի ենթարկված հայաստանյան հասարակության համար կարող ենք համարել զոհված զինծառայողների նկարների պատկերումը տարբեր նշանակության շինությունների վրա (դպրոցներ, համայնքապետարան, բնակելի շենք)։ Այս երևույթը առավել լայն տարածում ստացավ հենց 2020 թվականին և տարածվեց Հայաստանի բնակավայրերի մեծ մասում (Երևան, Գյումրի, Դիլիջան, Իջևան, Սևան, Հրազդան և այլն)։ Ի տարբերություն նախորդ դեպքերի 2020 թվականին գործընթացը դարձավ պատվերով։ Պատվիրատուները հիմնականում զինվորի ծնողներն են, մերձավոր հարազատները, ընկերները կամ ուղղակի համայնքի անդամները։ Հարցին ինքնաբուխ է նկարում թե՞ պատվիրում են, Հրազդան քաղաքում զոհված զինծառայողների դիմանկարների հեղինակ Արսեն Պետրոսյանը պատասխանում է*«Դիմում են, ես էլ, իհարկե, չեմ մերժում, եթե պետք է աշխատեմ իմ քաղաքում[8]»:

Զոհված զինծառայողներին տարբեր շինությունների պատերին պատկերելու երևույթը բազմաշերտ գործընթաց է։ Այն իր մեջ պարունակում է մի քանի գործառույթներ՝

  • պատկերելով իրենց զինվորին հարազատները փորձում են ճանաչելի դարձնել նրան, լսելի դարձնել նրա անձնազոհության մասին։ Ճանաչելի դարձնելու գործառույթը ավելի առաջնային դարձավ հատկապես պատերազմի անկանխատեսելի արդյունքների, մարդկային մեծ կորուստների և ֆոնին։ Այս պատերազմի ընթացքում հերոսացման գաղափարը ևս փոփոխվեց։ Հերոս սկսեցին անվանել պատերազմի բոլոր մասնակիցներին, գերիներին, պատերազմի հետ կապ ունեցած յուրաքանչյուր անհատի։ Մինչդեռ հասարակական պատկերացումներում հերոսը սեփական անձը գիտակցաբար հանուն հայրենիքի զոհաբերած, անձնական արիություն ցուցաբերած և կյանքը հանուն հայրենիքի զոհած անհատն է։ Ահա հետպատերազմյա խառը ժամանակաշրջանում յուրաքանչյուրը գտավ յուրահատուկ ձև իր հերոսին ճանաչելի դարձնելու համար։
  • զոհված զինծառայողներին տարբեր շինությունների պատերին պատկերելու երևույթը ցավի արտահայտման, սփոփվելու միջոց է հարազատների համար։
  • զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարները ունեն նաև խորը կրթադաստիարակչական իմաստ, հատկապես երբ պատկերված են դպրոցների և կրթական այլ հաստատությունների պատերին։ Երեխաները այդ դիմանկարների մոտ անցկացնում են բաց դասեր, հիշատակի միջոցառումներ։ Հարցին թե ինչու՞ առաջացավ զոհված զինծառայողներին դպրոցի պատին նկարելու անհրաժեշտություն, Մեղրաձորի միջն․ դպրոցի տնօրեն Ա․ Մալյանը պատասխոնում է«Նպատակ ունեի ինչ-որ ձևով երախտիքս հայտնել մեր նահատակներին և նրանց օրինակով պատմությունը կենդանի դարձնել»[9]։

Հաճախ զոհված զինծառայողների նկարներին կից նկարվում են նաև կից գրություններ և պատկերներ, որոնք ցույց են տալիս զինվորի ով լինելը։ Այդ գրությունները հայտնի հայրենասիրական երգերից, ստեղծագործություններից մեջբերումներ են։ Հանդիպում են նաև զինվորի անձնական ստեղծագործություններով գրություններ։ Հաճախ հանդիպող արտահայտություններ են՝ մերօրյա հերոսներ, պատիվ ունեմ, հերոսները ծնկի չեն գալիս, մահ իմացյալ՝ անմահություն, ես մի զարկն եմ քո բազկի, ես կամ՝ ես քո ուժն եմ երկնքից, կյանքս՝ կյանքիդ համար, մենք նախընտրեցինք քաջաբար զոհվել, հանուն Ձեր կյանքի, թեկուզ  պատերազմ, քաջերի հարությունն է մահը, կամ մահ, կամ ազատություն, ամեն ինչ մեր ձեռքերում է և գլխում, կյանքը մեզնից, արժանապատիվ ապրելը՝ ձեզնից, կենացդ եղբայր և նմանատիպ այլ արտահայտություններ։ Այսինքն նկարը երկխոսության մեջ է մտնում դիտողի հետ։ Նայելով պատկերված նկարին մենք իմանում ենք ով՞ է զինվորը, ինչ՞ զինտեսակի է տիրապետել բանակում կամ ինչ՞ մասնագիտություն ունի։

Բացի տարբեր շինությունների պատերին զոհված զինծառայողների նկարները նկարելուց հարազատները կանգնեցնում են խաչքարեր                                                        այլ հիշատակը հավերժացնող հուշարձաններ։ Նմանատիպ հուշարձանների կառուցման նախաձեռնողները հանդիսանում են ինչպես հարազատները, ծնողները, ուսումնական հաստատությունը՝ որտեղ սովորել է զինվորը, այնպես էլ պետությունը։ Տարբեր համայնքներում համայնքապետարանների նախաձեռնությամբ կանգնեցվում են հուշարձաններ նվիրված համայնքի զոհերի հիշատակին, սակայն այս պետական մոտեցումը չի սահմանափակում ծնողներին կամ առանձին անհատների ևս կառուցել զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Իհարկե այս քայլը ևս ուղղված է զինվորների հիշատակը վառ պահելուն, կրտսեր սերնդին նրանց քաջության օրինակով դաստիարակելուն, իսկ հասարակության համար դրանք ցավի արտահայտման և սփոփանքի վայրեր են, որտեղ հաճախ են այցելում ծնողները, հարազատները կամ անծանոթ մարդիկ և ծաղիկներ խոնարհում։ Համալսարաններում և դպրոցներում բացվում են զինվորների անվան լսարաններ, պատրաստվում են հիշատակի անկյուններ։ Հարցին թե՞ ինչու են այսքան շատ նկարվում զինվորների նկարները կամ կանգնեցվում հուշարձաններ, զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի զարմուհին պատասխանում է «Երբ իմանում ենք, որ զինվոր է զոհվել, յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք որևէ բան անել նրա հիշատակի համար: Երևի այդ պատճառով, ինչպես նաև արվում է, որ նրանք չմոռացվեն, որ ամեն անգամ նայելիս մենք հիշենք մեր հերոսների մասին»[10]:

Քանի որ  զոհված զինծառայողներին շինությունների պատերին նկարելու երևույթը երբեք այսքան համատարած չէր եղել, ուստի այն արժանացավ նաև հասարակության որ /Պետք է լինի ոչ/ միանշանակ վերաբերմունքին։ Մարդկանց մի մասը մեծ ոգևորությամբ է ընդունում դիմանկարների պատկերումը, համարելով որ դրանք օգնում են ճանաչել մերօրյա հերոսներին և հայրենասիրության օրինակ են մատաղ սերնդի համար։ Հասարակության մյուս մասը, հակառակը կարծում է, որ այդ դիմանկարները ավելորդ են, քանի որ թույլ չեն տալիս մարդկանց, հատկապես զինծառայողների հարազատներին հաղթահարել ցավը, դրանք անդադար հիշեցնում են պատերազմի և կրած կորուստների մասին։  Հարցին թե ինչպիսին՞ է հասարակության արձագանքը, արդյոք չեն մեղադրում պատերազմի տրավման հիշեցնելու մեջ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը պատասխանում է «Ես ամեն օր ստանում եմ տասնյակ զանգեր, թե՛ մայրաքաղաքի բնակիչներից, թե շենքի հարևաններից (Ալենն այդ շենքում ապրել է երկար տարիներ), որոնք միայն փաստում են և երախտիքի խոսքեր են ասում հատկապես Ալենի նկարի համար, որովհետև շենքի պատից նայում է պայծառ ժպիտով, լուսավոր ի երիտասարդ, որ իր լույսն է ափռում տարածքով մեկ, բնակիչներն ասում են, որ իրենց առավոտներն այսուհետ բացվում են Ալենին բարևելուց հետո և իրենց առօրյան կայանում է Ալենի լուսավոր ժպիտը իրենց սրտերում պահած»[11]։

Նոր երեխաների ծնունդները (որդեծնությունը), որպես ցավի և տրավմայի հաղթահարման միջոց

Հարազատի կորստի, ցավի ու տրավմայի հաղթահարման միջոցներից մեկն էլ որդեծնությունն է՝ զոհված զինվորների հարազատների, մասնավորապես նրանց ծնողների շրջանում։ Պետությունը ևս այս ուղղությամբ հատուկ մշակված ծրագրեր իրականացրեց՝ հնարավորություն տալով որդեկորույս ծնողներին կրկին երեխա ունենալ[12]։ Սա նոր հույս և ապրելու իմաստ է շատ ծնողների համար։ Հետաքրքիր է, որ նորածին երեխաներին հաճախ անվանակոչում են հենց զոհված զինծառայողի անվամբ՝ հավատալով վերջինիս վերածնունդին կամ այդկերպ փորձելով սփոփվել ու հաղթահարել որդու կորստի ցավը։ Հաճախ է պատահում, երբ ծնողներին նոր երեխա ունենալու մասին ավետում է զոհված որդին երազում, կամ պատվիրրում այս կամ այն անունով կոչել երեխային։

Մի շարք որդեկորույս ծնողների հետ անցկացրած հարցազրույցների արդյունքում հնչած պատասխանները հիմնականում վկայում են մեկ բան, «Վերականգնվել է ապրելու իմաստը»։ Այն հարցին թե՞ ինչ փոխեց Արենի ծնունդը իրենց կյանքում 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյանների մայրը՝ տիկին Արևը պատասխանում է*․«Այն դաժան ցավը երկու երեխայի կորստի, որ մեզ տրվեց չի փոխվի, ուղղակի Արենը լույս է տան մեջ որ եկավ, ապրելու ցանկությունը, որ երեխեքից հետո կանգ էր առել Արենն իր լույս աշխարհ գալով տվեց այդ ցանկությունը և խոստացել եմ, որ Արենով բարձր կպահեմ երեխեքի անունը, կհիշենք և կհիշատակենք, քանի որ այլ երեխաներ չունեինք, ժառանգ չունեինք։ Արենը դարձել է իմ ամեն ինչը, իմ Գևորգը, իմ Կարենը, իմ ամեն ինչը, ապրելու ցանկությունը, մեր իմաստը»[13]։

Որդեկորույս մեկ այլ ծնող՝ զոհված զինծառայող Կարեն Ներսեսյանի մայրը՝ տիկին Ինան/Իննա՞ն/ պատասխանում է․«Կարենը միշտ ասում էր, որ ես իր ուրախությունն եմ, հիմա Լինաս իմ ուրախությունն է»[14]։

Վերջաբան

Այսպիսով 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում հայաստանյան հասարակությունը ենթարկվեց երկարատև տրավմայի, ինչը պայմանավորված էր մարդկային մեծ կորուստներով, հայրենիքի կորստով, խաբված լինելու զգացումով և այլն։ Հասարակությունը ինքնաբուխ կերպով մշակեց մեթոդներ ցավի արտահայտման, սթրեսի հաղթահարման և տրավման չխորացնելու և հաղթահարելու համար։ Այդ միջոցներից կարող ենք առանձնացնել զոհված զինծառայողների դիմանկարները տարբեր շինությունների պատերին նկարելու երևույթը և որդեծնությունը՝ հատկապես կորուստներ կրած ընտանիքներում։ Վերջինս նոր հույսի, ապրելու ցանկության, տան ճրագը վառ պահելու խորհուրդ ունի։ Հայաստանյան հասարակությունը լիովին չի հաղթահարել հետպատերազմական տրավման և տեղի ունեցող իրադարձությունները (Արցախի կորուստ, բռնի տեղահանություն, նոր զոհեր) ավելացրել են նոր տրավմաներ, նոր հոգեբանական խնդիրներ, որոնք ևս հաղթահարման կարիք ունեն։

 

Օգտագործված գրականության ցանկ

  1. Աղասի Թադևոսյան, Պատերազմը մասնակիցների պատմություններում․ մարդաբանական հետազոտություն, էջ․ 69, Ե․
  2. Ամալյա Դիլանյան, Գրաֆիտին որպես անտիմիլիտարիզացիա․ փոխելով կոդ, https://www.youtube.com/watch?v=kOIc-WP6Bbs, 01.09.2023.
  3. Александр Стародумов, Боевой стресс и боевая психическая травма, Добро журнал, М. 2023, https://dobro.press/blogi/boevoi-stress-i-boevaya-psihicheskaya-travma, 01.11.2023.
  4. Bagas Bantara, Преодоление травмы войны, М. 2023.
  5. Есть ли у вас «травма войны»?, https://akhmetovfoundation.org/ru/test/est-ly-u-vas-travma-voyny, վերջին դիտում՝ 04․ 11․ 2023․
  6. ՀՀ կառավարություն, Թիկունքի կամավորները, https://www.facebook.com/armgovernment/videos/%D5%A9%D5%AB%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/746667369513546/, վերջին դիտում՝ 05․ 11,2023։
  7. Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան, https://epress.am/2021/02/25/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AC-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2-%D5%B8%D6%80%D5%A4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-%D5%AE.html, 07․11․2023․
  8. Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց նկարիչ Արսեն Պետրոսյանի հետ, 2022թ․, Հրազդան։
  9. Մ․ Պետրոսյան, ԴԱՆ,Հարցազրույց Մեղրաձորի միջն․ դպրոցի տնօրեն Ա․ Մալյանի հետ, 2022թ․, Մեղրաձոր։
  10. Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի զարմուհուէ Գոհար Ավետիսյանի հետ, 2023թ․, Հրազդան։
  11. Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մոր՝ տիկին Նազելի Տերտերյանի հետ, Երևան, 2023 թ․։
  12. Ս․ Գալստյան, Ի․ Բադալյան, ԴԱՆ, Հարցազրույց զոհված զինծառայողներ Գևորգ և Կարեն Գևորգյանների մոր՝ տիկին Արևի հետ, Երևան, 2023թ․։

 

 

[1] Աղասի Թադևոսյան, Պատերազմը մասնակիցների պատմություններում․ մարդաբանական հետազոտություն, էջ․ 69, Ե․ 2022.

[2] Ամալյա Դիլանյան, Գրաֆիտին որպես անտիմիլիտարիզացիա․ փոխելով կոդ, https://www.youtube.com/watch?v=kOIc-WP6Bbs, 01.09.2023.

[3] Есть ли у вас «травма войны»?, https://akhmetovfoundation.org/ru/test/est-ly-u-vas-travma-voyny, վերջին դիտում՝ 04․ 11․ 2023․

[4] ՀՀ կառավարություն, Թիկունքի կամավորները, https://www.facebook.com/armgovernment/videos/%D5%A9%D5%AB%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/746667369513546/, վերջին դիտում՝ 05․ 11,2023։

[5]Bagas Bantara, Преодоление травмы войны, с.4., М. 2023.

[6] Александр Стародумов, Боевой стресс и боевая психическая травма, Добро журнал, М. 2023, https://dobro.press/blogi/boevoi-stress-i-boevaya-psihicheskaya-travma, 01.11.2023.

[7] Bagas Bantara, указ. соч. с. 14.

[8] Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց նկարիչ Արսեն Պետրոսյանի հետ, 2022թ․, Հրազդան․

* Արսեն Պետրոսյանը համաձայնվում է նկարել բացառապես Հրազդան քաղաքում և հարակից գյուղերում, քանի որ աշխատանքը բավականին էներգիա և ժամանակ է պահանջում և չի հանդիսանում իր հիմնական աշխատանքը։

[9] Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց Մեղրաձորի միջն․ դպրոցի տնօրեն Ա․ Մալյանի հետ, 2022թ․, Մեղրաձոր։

[10]  Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի զարմուհու՝ Գոհար Ավետիսյանի հետ, 2023թ․, Հրազդան։

[11] Մ․ Պետրոսյան, ԴԱՆ, Հարցազրույց Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մոր՝ տիկին Նազելիի հետ, Երևան, 2023թ․։

[12] Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան, https://epress.am/2021/02/25/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AC-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2-%D5%B8%D6%80%D5%A4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-%D5%AE.html, 07․11,2023․

[13] Ս․ Գալստյան, Ի․ Բադալյան, ԴԱՆ, Հարցազրույց զոհված զինծառայողներ Գևորգ և Կարեն Գևորգյանների մոր՝ տիկին Արևի հետ, Երևան, 2023թ․։

*Մեջբերումը կատարված է բառացի, առանց փոփոխելու։

[14] Ս․ Գալստյան, Ի․ Բադալյան, ԴԱՆ, Հարցազրույց զոհված զինծառայող Կարեն Ներսեսյանի ծնողների հետ, Երևան, 2023թ․։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Իրականանում է Գոռ Թումանյանի երազանքը՝ Աշտարակում կառուցվում է երաժշտական դպրոցը։

Ա․Չեխովի թիվ 55 դպրոցի աշակերտները յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 27-ին հարգանքի տուրք են մատուցում 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին: